Հետևեք մեզ։

Այսօր նախատեսված ակցիայի վերաբերյալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ

13:40, 15 մայիս 2024
Այսօր նախատեսված ակցիայի վերաբերյալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են, այս մասին հայտարարություն է տարածել շարժումը։

«Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ  Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:

 

Մենք տեղեկություններ ունենք, որ խոչընդոտվում է անգամ Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:

Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:

Մեր կողմից այս ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:

Իշխանություններն իրենց վարքով օգնում են մեզ հասնել մեր նպատակին: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին այսօր` ժամը 15:30-ին, լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով:

Սարյանի անվան այգի

Կոնսերվատորիայի դիմացի այգի

Սուրբ Աննա եկեղեցու բակ

Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը»: