Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնել էր ՀՀ ՆԳ նախարարությունը։
Այդ ժամերին ակցիա էր նախատեսված նաև Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ։ Բազմաթիվ մարդիկ են հավաքվել Օպերայի հարակից հատվածում, իսկ Փաշինյանի՝ այդ շենքից գնալուց հետո Բագրատ Սրբազանն ասաց, որ երթով կշարժվեն դեպի Սուրբ Աննա եկեղեցու հատված, որտեղ էլ կամփոփեն օրը և կխոսեն անելիքների մասին։
Ոստիկանությունը թույլ չտվեց երթի մասնակիցներին ճանապարհով մեկնել եկեղեցու տարածք: Առաջարկել են մայթով քայլել, իսկ Սրբազանն ասաց, որ մարդկանց բազմաթիվ լինելու պատճառով հնարավոր չէ մայթով քայլել:
Բայց, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասաց, որ կբացեն, երբ միջոցառումն ավարտվի։ Միջոցառումն ավարտված է՝ մասնակիցները պարզապես սրճում են, իսկ ոստիկանությունը փոխեց որոշումը՝ ճանապարհը փակ կպահեն ոչ թե մինչև 20։00-ն, այլ 22։00-ն։
Պատճառաբանությունը, թե ինչու են երկարացնում ժամանակը, ասացին՝ պայմանավորված միջոցառմամբ։