Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս որոշակի կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։
«Ուկրինֆորմ»-ը հայտնում է, որ այս մասին հայտնում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պաշտոնական կայքը։
Օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների, հատկապես սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար մեղավոր ճանաչված, ինչպես նաև ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարող մոբիլիզացվել։
Երկրի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 4,5 հազար բանտարկյալ պատրաստ է բանտից մեկնել մարտի դաշտ։
Ուկրաինացի պատգամավոր Օլենա Շուլյակը նշել է, որ օրենսդրության համաձայն՝ բանտարկյալների մոբիլիզացիան և նրանց համար մեխանիզմի կիրառումն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։
Այս կատեգորիայից մոբիլիզացվածները կծառայեն հատուկ նշանակության զորամասերում։ Նրանց վարչական հսկողությունը կիրականացնի այն զորամասի հրամանատարը, ուր նրանք ուղարկվում են։
Նշենք, որ այս օրենքն Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է մայիսի սկզբին։