Հետևեք մեզ։

Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

19:36, 17 մայիս 2024
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի կարող լինել որևէ մեկը, որ հակադրվի այս սահմանադրական, ավելին՝ հոգևոր ճշմարտությանը։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով մասնակցում էր Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ դասախոսների հետ նախաձեռնած հանդիպմանը։

Հարցին, թե հիմա ինքը ինչո՞ւ է գտնվում այդ վայրում, Դավթյանը հակադարձել է՝ ես ժողովուրդ չե՞մ։


«Ես այստեղ եմ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությունը և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարական է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։ Կենտրոնանամ ամենավերջին իրադարձության վրա։ Ինչ է առաջարկվում՝ ասվում է՝ եթե չիրականացնենք այսօրվա ընթացքով սահմանազատումը, ուրեմն կունենանք պատերազմ, հետո, իսկ եթե իրականացնում ենք այսպես, չենք կարող ասել՝ կլինի պատերազմ, թե ոչ։ Սա վա՞տ կամ լա՞վ լուծում է, սա լուծման բացակայություն է։ Բացարձակ անընդունելի է առաջնորդել ազգին՝ չունենալով լուծում»,- ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազը։