Տիկտոկեր Մարիա Բաբասիևան կալանավորվել է։
Hayastan.news-ին Դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա՝ 2023 թվականի հունիս ամսին Մ․Կ․ նկատմամբ կատարել է հոգեկան ներգործություն՝ սպառնացել է մորթելով սպանել նրա երեխային, այնուհետև երեխայի մորը՝ Մ․Կ-ին։
Այս առնչությամբ Մ․Կ․ն հաղորդում է ներկայացրել իրավապահներին։
Բացի այդ, տիկտոկերն իր էջում սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել նույն անձի հասցեին։
Արցախի բռնի հայաթափման օրերին՝ 2023-ի սեպտեմբերի 27-ին, կրկին իր էջով Մարիա Բաբասիևան արցախահայության նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն ու թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով է հանդես եկել, ելույթ է ունեցել Արցախից բռնի տեղահանվող հայ բնակչության համար օգնություն հավաքագրող Ս․ Ա․-ի գործողությունների վերաբերյալ՝ սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով։ Սպառնացել է հրդեհել նաև Ս․Ա․-ի գեղեցկության սրահը։
Այնուհետև, այցելել է նշված անձին պատկանող սրահ, խախտել է նաև հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս․ Ա․-ի մարմնի տարբեր հատվածներին:
Մարիա Բաբասիևան մեղադրվում է Քրեական օրենսգրքի 194,195, 267 և 329-րդ հոդվածներով նախատեսված մի շարք արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել նախ տնային կալանքը, այնուհետև կալանավորումը։