Հետևեք մեզ։

Ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից․ Արցախի ՄԻՊ-ը՝ «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն արած Տավուշի ոստիկանապետի մասին

10:28, 20 մայիս 2024
Ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից․ Արցախի ՄԻՊ-ը՝ «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն արած Տավուշի ոստիկանապետի մասին

«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումը, որը Տավուշի ոստիկանության պետն ուղղեց ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանին, սովորական մի հարցադրում չէ, որ անում են կառուցողական երկխոսության ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Տավուշի ոստիկանության պետի հարցադրմանը՝ ուղղված արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանին։

«Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն, երբ նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, և իրավունք չունես խոսելու։ Դա անում են դիտավորյալ՝ ցավեցնելու արտահայտված նպատակադրմամբ։

Ընդ որում՝ այսօրվա ոստիկանը միակը չէ, որ այս ընթացքում նման հարցադրում է արել։ Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները։

Իսկ եթե հազարավոր տնավեր հայրենակիցների ամենօրյա ցավը տեսնելով, այնուամենայնիվ, մարդը որոշում է նման հարցադրում անել, ուրեմն՝ ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից։

Նկարը՝ 2023 սեպտեմբեր, Ստեփանակերտ»։ 

Վերլուծական