Հետևեք մեզ։

Իրանի կառավարությունը կաշխատի «առանց խափանումների»․ ինչ լիազորություններ ունի ԻԻՀ նախագահի լիազորությունները կատարող Մոհամմադ Մոխբերը

10:47, 20 մայիս 2024
Իրանի կառավարությունը կաշխատի «առանց խափանումների»․ ինչ լիազորություններ ունի ԻԻՀ նախագահի լիազորությունները կատարող Մոհամմադ Մոխբերը

Իրանի նախարարների խորհուրդը արտահերթ նիստ է անցկացրել փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի գլխավորությամբ։ Իրանի կառավարությունը հայտարարել է, որ կաշխատի «առանց խափանումների», հաղորդում է Presstv-ն:

 

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, երկրի սահմանադրության համաձայն, 50 օրով կստանձնի ուղղաթիռի վթարի հետևանքով մահացած Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները՝ մինչև նոր նախագահական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն հատուկ խորհրդի կողմից։ Այս մասին հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։

 

«Առաջին փոխնախագահը, համաձայն Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, ստանձնում է նախագահի պարտականությունները, իսկ օրենսդիր և դատական ​​իշխանության ղեկավարներից և անձամբ փոխնախագահից կազմված խորհուրդը պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը 50 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիս-հուլիս ամիսներին։


Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն երկրի նախագահի մահվան կամ անաշխատունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին (ներկայումս վարում է Մոհամմադ Մոխբերը) փոխանցելու պահից 50 օրվա ընթացքում։

 

Ընտրությունները կազմակերպում է հատուկ ստեղծված խորհուրդը, որը բաղկացած է դատական ​​իշխանության ղեկավարից, խորհրդարանի ղեկավարից (Իսլամական խորհրդի Մեջլիս) և անձամբ փոխնախագահից։


Ընտրությունների անցկացումը և նախագահի պաշտոնի համար թեկնածուների ընտրությունը վերահսկելու է Վերահսկիչ խորհուրդը (ըստ էության, խորհրդարանի վերին պալատը, որը վերանայում է շարիաթի և Իրանի սահմանադրությանը համապատասխանող օրինագծերը):

 

Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն՝ առաջին փոխնախագահին արգելվում է պաշտոնանկ անել նախարարներին կամ անվստահություն հայտնել նրանց, վերանայել սահմանադրությունը կամ հանրաքվե անցկացնել նախագահի պաշտոնում։


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նախագահը և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։ Պատվիրակությունը վերադառնում էր Ալիևի հետ հանդիպումից, Ռաիսին և Ալիևը մասնակցում էին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։