Hayastan.news-ի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմել է Ներքին գործերի նախարարություն, որպեսզի նրան «վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ» տեղեկանք տրամադրեն։
Ըստ մեր տեղեկության` տեղեկանքն արդեն տրամադրվել է:
Իրավաբանների հետ Բագրատ Սրբազանը քննարկում է երկքաղաքացի լինելով հանդերձ ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվելու հարցը, սակայն իրավաբանները տարակարծիք են` մեծ մասը գտնում է, որ երկքաղաքացին չի կարող ՀՀ-ում պաշտոն զբաղեցնել, ոմանք նշում են, որ այդ նորմը սխալ է կիրառվել:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2000-ականներին տասը տարի Կանադայում Հայոց թեմի առաջնորդն է եղել և այդ ընթացքում նրան Կանադայի քաղաքացիություն է շնորհվել: Եթե նույնիսկ հիմա հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, դարձյալ չի կարողանա առաջադրվել, քանի որ օրենքի պահանջն է՝ թեկնածուն վերջին չորս տարին միայն Հայաստանի քաղաքացիություն պետք է ունենա։
Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է.
1. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
2. Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Նշենք, որ պատգամավորին ներկայացված պահանջներն են նաև վարչապետի համար:
Այնուամենայնիվ, և´ Բագրատ Սրբազանի, և´ նրա համախոհների համար մեկ բան հստակ է` եթե Սրբազանը չլինի վարչապետի թեկնածուն, ապա համախմբումն ու շարժումը կձախողվի, հետևաբար վարչապետի թեկնածու է հայտարարվելու Բագրատ Սրբազանը, հետագա պահանջվող քայլերին լուծումներ կգտնեն: