Հետևեք մեզ։

2026-ի ընտրություններում Ոսկեպարում, Կիրանցում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան

13:57, 21 մայիս 2024
2026-ի ընտրություններում Ոսկեպարում, Կիրանցում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան

Դերակատարները նույնն են, քաղաքական ուժերը նույնն են, հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրության հարցն է, անսպասելի բան չենք տեսնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

«Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակը, ինչու պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, դրանք ուղղակի նույնի կրկնությունն են։ Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ ունեցել են Սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ, Սիմոնյանը պատասխանեց․

«Այո, սկզբից, հիմա մենք ավելի շատ զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման գործերով»։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացի հետևանքով կորուստներ ունեցող գյուղերին՝ մասնավորապես Կիրանցին և Ոսկեպարին, Սիմոնյանը ասաց․ «Հայաստանը որևիցե մեկին իր քաղաքացիներից չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։ Որևիցե մեկը թող դրանում չկասկածի։ Այն մարդիկ, ովքեր գնում և փորձում են հրահրել, հաջողություն չեն ունենալու։ Ինչ վերաբերում է այդ գյուղերին, ապա վստահեցնում եմ, որմի քանի տարի հետո դրանք լինելու են օրինակելի գյուղեր և 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»,- ասաց Սիմոնյանը։