Հետևեք մեզ։

Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք

15:39, 21 մայիս 2024
Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք

Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին: 

«Վերջին տարիներին միացյալ ծրագրի, ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցումների, կանխարգելիչ և թեստային միջամտությունների հասանելիության, ծառայությունների ապակենտրոնացման շնորհիվ` ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծացել է, և սահմանել ենք նոր նշաձող»,-նշել է նախարարը: 

Նրա խոսքով` Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ՄԻԱՎ-ի հակազդման հուսալի և կայուն համակարգի ստեղծմանը` առողջության առաջնային օղակի և մյուս բարեփոխումների շրջանակներում:

«Իմ փորձը և ձեր երկրի ցուցանիշները  լավատեսություն են ներշնչում, որ ծրագրի բաղադրիչների արդյունավետ կիրառման, համայնքների վրա հիմնված ծառայությունների  ապակենտրոնացման արդյունքում` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որը կարող է հասնել  էլիմինացման թիրախին»,-նշել է Էյմոն Մերֆին: 

Կարևորվել է նաև բնակչության իրազեկումը ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման դեպքում կիրառվող հակառետրոսվիրուսային  բուժման արդյունավետության մասին, ինչը թույլ է տալիս կանխել վիրուսի փոխանցումն առողջ մարդուն: 

Հանդիպմանը քննարկվել են ՄԻԱՎ-ի տարածվածության կանխարգելմանն ուղղված առաջիկա միջոցառումները, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվող  աջակցությունը: