Հետևեք մեզ։

Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

22:11, 22 մայիս 2024
Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հրաչյա Ղևոնդյանին` Սպիտակցի Հայկոյի որդուն, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Արղամանյանը:

«Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր ժամը 22:00-ին»,- հայտնել է փաստաբանը:

 

Հիշեցնեն, որ 2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ:


Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով:


Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Ղ.-ն (Հրաչյա Ղևոնդյան, երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին-խմբ․), լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ և վերջինիս հետ ունենալով գաղափարական թշնամանք, գիտակցելով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, նշված անձը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ  նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:


Նախաքննությամբ ձեռք բերված՝ Հ.Ղ-ի կողմից հանցանք կատարելու մասին վկայող բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:


Հ. Ղ-ն ձերբակալվել է:

Վերլուծական