Ծաղկաձորի համայնքապետարանից արձագանքել են երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանի՝ «ԿՈՄԱ» ակումբի չբացվելու վերաբերյալ հայտարարությանը։
«Հարգելի՛ Գարիկ Պապոյան, Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:
Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թե խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:
Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:
Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա: Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թե ընտրյալ 30-40 հոգու համար, այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»:
Հիշեցնենք, որ երեկ Պապոյանը հայտարարել էր, որ իր հիմնադրած ակումբը չի վերաբացվի, քանի որ Ծաղկաձորի ՏԻՄ-երը կուրորտային շրջանում քանդել են ճանապարհը։