Հետևեք մեզ։

Դպրոցներում փոխվել է գնահատման համակարգը, այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում

12:26, 23 մայիս 2024
Դպրոցներում փոխվել է գնահատման համակարգը, այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, դպրոցներում փոխվել է նաև գնահատման համակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։

«Տարրական դասարաններում առհասարակ դուրս է եկել միավորային գնահատումը և միայն բնութագրող գնահատման միջոցով են երեխաները գնահատվում, իսկ միջին և ավագ դպրոցում թե՛  միավորային, թե՛ բնութագրող գնահատման միջոցով»,-ասաց Սվաջյանը։

Նա կարևորեց, որ այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում, որի փոխարեն սովորողը բնութագրվում է իր ունեցած նույնիսկ փոքր առաջընթացով։

«Այնուամենայնիվ, մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ուսումնական վիճակը և այս երեխաների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից, որպեսզի լրացնեն բացթողումները»,-հավելեց փոխնախարարը։