Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը լրացել է, նրա հետ կնքվել է ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետային պայմանագիր, որը մի քանի օր ավելի շուտ է ընդհատվել՝ ելնելով ԲԿ կառավարման նպատակահարմարությունից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին՝ Սամվել Դանիելյանն ազատվել է Բագրատ Սրբազանին բարևելու համա՞ր, Ավանեսյանը ասաց․ «Իհարկե՝ ոչ»։
Իսկ թե առողջապահական ոլորտի ցանկացած աշխատակից ազա՞տ է մոտենալ և բարևել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին, Ավանեսյանը չպատասխանեց այս հարցին՝ հորդորելով մոնիթորինգ իրականացնել և պարզել։
Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանը համերաշխության կոչ է անում և հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, արդյոք նա կհանդիպի Սրբազանի հետ, Ավանեսյանը արձագանքեց․ «Ոչ իհարկե, չգիտեմ՝ ինչ է հայտարարում, համերաշխություն ում միջև։ Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը հանդիպում է ոչ թե հոգևոր հարցեր քննարկելու, այլ այլ նպատակներով»։