Հետևեք մեզ։

Ես Ամերիկայում չեմ, 10 րոպե է պետք աերոպորտ հասնելու համար, խնդրում եմ, եթե գումար չունես, ես կվճարեմ․ Լեո Նիկոլյանը Բագրատ Սրբազանին առաջարկել է տոմս գնել և հանդիպել մեկնման սրահում

11:09, 24 մայիս 2024
Ես Ամերիկայում չեմ, 10 րոպե է պետք աերոպորտ հասնելու համար, խնդրում եմ, եթե գումար չունես, ես կվճարեմ․ Լեո Նիկոլյանը Բագրատ Սրբազանին առաջարկել է տոմս գնել և հանդիպել մեկնման սրահում

«Զվարթնոց» օդանավակայանում ավելի քան մեկ ամիս հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանի հետ և առաջարկում է նրան օդանավակայան գալ։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նիկոլյանը նշել է՝ լսել է Տավուշի թեմի առաջնորդի հրապարակային հորդորը՝ դադարեցնել հացադուլը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գալ և տեսակցել։ Զարմանում է, թե ինչու սրբազանը մինչև հիմա չի եկել ու չի հանդիպել իրեն։


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս լրագրողների հետ զրույցում դիմել էր Լեո Նիկոլյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին՝ խնդրելով թույլ տալ իրեն տեսակցել ֆրանսահայ լրագրողի հետ և անձամբ հորդորել, համոզել դադարեցնել հացադուլը։


«Զարմանում եմ, քանի որ ես Ամերիկայում չեմ, 10 րոպե է պետք աերոպորտ հասնելու համար»,- ասել է Նիկոլյանը։


Նա նշել է, որ լավ գիտի՝ Ազգային անվտանգության ծառայությունը հենց այնպես թույլ չի տա մտնել օդանավակայան և հանդիպել իր հետ, բայց դրա համար ևս լուծում կա․ պետք է գնել ավիատոմս՝ ցանկացած ուղղությամբ և մեկնման սրահում հանդիպել, խոսել։ Նիկոլյանն անգամ պատրաստ է գնել այդ ավիատոմսը։


«Բագրատ սրբազա՛ն, խնդրում եմ, եթե գումար չունես, ես կվճարեմ։ Մի ուղղություն, ասենք՝ Թբիլիսի՝ ամենաէժան ուղղությունն է, մի 70 դոլարի չափ է, կգաս այստեղ, կոֆե քեզ կհյուրասիրեմ, կնստենք, կխոսենք, հետո չես թռչի, հետ կգնաս քաղաք»,- առաջարկել է Նիկոլյանը։


Հիշեցնենք` ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։