Հետևեք մեզ։

Ադրբեջանական դրոշը բարձրացվել է սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած գյուղերում

15:45, 24 մայիս 2024
Ադրբեջանական դրոշը բարձրացվել է սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած գյուղերում

Ադրբեջանի դրոշը բարձրացվել է  Հայաստանի հետ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած գյուղերի տարածքում։ Ադրբեջանում այդ տարածքները կոչում են Ղազախի շրջանի Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Գիզիլհաջիլի գյուղեր։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

Ադրբեջանական կողմն էլ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքներ են իրականացվել հանձնաժողովների հերթական՝ 9-րդ նիստում ստորագրված Արձանագրության համաձայն և որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ, որով փաստացի Ադրբեջանին են տրվել 4 գյուղերի՝ Բաղանիս Այրումի, Աշաղը Ասքիպարայի, Խեյրիմլիի և Գիզիլհաջիլիի տարածքները։