Հետևեք մեզ։

Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարն այցելել է դպրոցներ (լուսանկարներ)

19:31, 24 մայիս 2024
Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարն այցելել է դպրոցներ (լուսանկարներ)

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն էր, այս տարի 190 շրջանավարտ ունի: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին. «Սիրելի՛ շրջանավարտներ, լիարժեք ապրեք այսօրվա յուրաքանչյուր վայրկյանը, զգացողությունը, հուզմունքը՝ որպես ամբողջ կյանքում ուղեկցող վառ հիշողություն: Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին՝ ձեզ հետ այսքան տարիներ աշխատած բոլոր մարդկանց, որոնցից դուք սովորել եք, և որոնք, վստահ եմ, հուզված են ձեզնից ոչ պակաս: Ամուր գրկեք ձեր ծնողներին. նրանց մոտ այսօր շատ են անհանգստություններն ու վախերը. նրանց երեխաները մտնում են մեծ կյանք, որտեղ սպասվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ: Այսօրվա հիշողությունները տարեք ձեզ հետ, և թող դրանք ուղեկցեն ձեզ կյանքի ուրախ և դժվար օրերին: Դժվարությունների հանդիպելիս երբեք չվհատվեք. դպրոցում դուք արդեն սխալվել և սեփական սխալների վրա սովորել եք շատ անգամներ: Դուք արդեն գիտեք, որ ձեր հաջորդ քայլերը պետք է ավելի գիտակցված և ճիշտ լինեն»:

Արգինայի նորակառույց միջնակարգ դպրոցը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության վերակառուցվող և բարեկարգվող 300 դպրոցների ծրագրում, այս տարի ճանապարհում է 3 շրջանավարտի: Նկատելով, որ 3 շրջանավարտներին ճանապարհում են 6 առաջին դասարանցիներ, նախարարը հույս է հայտնել, որ աշակերտների թիվը բարեկարգված դպրոցում տարեցտարի կավելանա. և նոր պայմանները կնպաստեն որակյալ կրթություն ստանալուն, լավ քաղաքացիներ դառնալուն, երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Բագարանի միջնակարգ դպրոցը հրաժեշտ է տալիս 8 շրջանավարտի: Նախարարը բազում ձեռքբերումներ է մաղթել աշակերտներին և կոչ արել դժվարությունները հաղթահարելու համար առաջնորդվել դպրոցում ստացած գիտելիքով ու հմտություններով. «Վստահ եմ՝ հանդիպելու նոր առիթներ ենք ունենալու՝ լսելու ձեր հաջողությունների մասին և հպարտանալու ձեզնով»: