Հետևեք մեզ։

Այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո. Փաշինյան

22:19, 24 մայիս 2024
Այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք հատվածաբար.

 

«Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան:

Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:

Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին: