Հետևեք մեզ։

Սահմանազատման երկրորդ փուլը․ ադրբեջանական կողմը հայտնում է՝ ինչ տարածքային պահանջներ է ներկայացնելու Հայաստանին այս անգամ

17:00, 27 մայիս 2024
Սահմանազատման երկրորդ փուլը․ ադրբեջանական կողմը հայտնում է՝ ինչ տարածքային պահանջներ է ներկայացնելու Հայաստանին այս անգամ

Ադրբեջանական մամուլում արդեն իսկ սկսել են քննարկել, թե որն է լինելու Ալիևի հաջորդ թիրախն ու ինչ տարածքային պահանջ է այս անգամ ներկայացնելու Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությանը։


Ադրբեջանական AZ TV հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել «Ո՞րն է լինելու Ադրբեջանի գլխավոր նպատակը վերադարձված 4 գյուղերից հետո» վերտառությամբ։


Ռեպորտաժում մեկնաբանը նշում է՝ 4 գյուղերի «վերադարձից» հետո սահմանազատման գործընթացի երկորդ փուլում ադրբեջանական կողմի հաջորդ գլխավոր նպատակը Տավուշի մարզի ևս 3 գյուղերն են (Ներքին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու)  և Տիգրանաշենը, որն իրենք կոչում են Քյարքի։ 

 

Տիգրանաշենն ընդգրկում է 8,4 քառ․ կմ տարածք, գտնվում է միջպետական (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման) ճանապարհի վրա։

 

Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջևանից 15 կմ հեռավորության վրա է գտնվում: Այն այսօր բնակեցված չէ, բայց կենսական նշանակություն ունի հարակից Դիտավանի, Ազատամուտի, Կայանի, Այգեհովիտի բնակիչների համար․ տեղի բանկիչները այդ տարածքն օգտագործում են անասնապահության և հողագործության նպատակով:

 

Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարևանությամբ, Խորհրդային Միության տարիներին ձևավորվել է Ոսկեպար անկլավը։ Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրի տարածքը հարավ-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար, հյուսիսից՝ Բաղանիս, հարավ-արևելքից՝ Կիրանց, հյուսիս-արևելքից՝ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Ղուշչու Այրում, հարավ-արևելքից՝ Մազամ գյուղերին։  Ներքին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է եղել Ոսկեպար գյուղի հետ։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը անկլավները ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս՝ 86,600 քառ․ կմ-ի շրջանակում։


Թե սրանից հետո ադրբեջանական կողմն ինչ նոր տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին, կտեսնենք այն  ժամանակ, երբ կավարտվի, ինչպես ադրբեջանական ռեպորտաժի մեկնաբանն էր նշում, սահմանազատման «երկրորդ փուլը»։

 

Դիանա Կարապետյան