Հետևեք մեզ։

Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու նպատակահարմարությունը

17:08, 27 մայիս 2024
Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու նպատակահարմարությունը

Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու արդարադատության նախարարությունը կդիտարկեն Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  

«Կխնդրեմ մեր սիրելի գործընկերներին մի հանձնարարական տալ. փորձենք հասկանալ, թե արդյոք արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ: Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- նշել է Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմն այդ հարցով եզրակացություն կտան: «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,–ասաց Նիկոլ Փաշինյանը: