Հետևեք մեզ։

Գեներալ-մայորի կոչում ստացած Սերգեյ Պետրոսյանը և Հրաչ Ստեփանյանը 2021-ին պահանջում էին Փաշինյանի հրաժարականը

18:48, 28 մայիս 2024
Գեներալ-մայորի կոչում ստացած Սերգեյ Պետրոսյանը և Հրաչ Ստեփանյանը 2021-ին պահանջում էին Փաշինյանի հրաժարականը

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։ Նույն հիմքով գեներալ-մայորի կոչում է շնորհվել նաև պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին։

ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության հիմնական խնդիրներն են.

  • զինված ուժերի մարտական պատրաստականության տեղագրագեոդեզիական ապահովումը,
  • մարտական գործողությունների տեղագրագեոդեզիական ապահովումը:

Այս ծառայության շրջանակում էլ Սերգեյ Պետրոսյանը Տավուշի մարզում էր, մասնավորապես Կիրանցում։

Սերգեյ Հովսեփյանը և Հրաչ Ստեփանյանը 3 տարի առաջ՝ Գլխավոր շտաբի հետ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականը։

2021-ի փետրվարի 25-ին ԳՇ-ն քաղաքական ղեկավարության հրաժարականի պահանջով հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։

Գլխավոր շտաբի հրապարակած ցուցակում Սերգեյ Պետրոսյանը  36-րդ էր, Հրաչ Ստեփանյանը՝ 27-րդը։

Ի դեպ, այդ ցուցակում այսօր բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ են, նաև ԳՇ պետը։

Նշենք, որ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին, բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։ Նրանք Փաշինյանի հրաժարականը պահանջողների ցանկում չեն եղել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները