Պետք է արձանագրենք, որ Կաթողիկոսի կողմից ղեկավարվող շարժումը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված, երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ Սարդարապատում հոգևոր դասի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։
«Երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել են Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք»,- ասաց նա։
Անդրադառնալով Եկեղեցու հետ հարաբերություններին և նրան, թե ՀՀ-ում Եկեղեցու դեմ արշավ է տարվում, Փաշինյանը նշեց․ «ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի։ Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնենք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի Կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,- ասաց նա։