Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ այդ համաձայնութունները ձեռք բերված են։ Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել պայմանագրի տեքստի մեջ»,- ասաց նա։
Հարցին՝ ինչու Բաքուն չի համաձայնում Ալմաթայի համաձայնագիրը դնել խաղաղության պայմանագրի դիմքում, Փաշինյանը պատասխանեց․ «Իրականում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերթ է և երբեմն այն մեկնաբանությունները, որ անում ենք, դրանք տեքստերին և դրա դինամիկային անծանոթ մարդու մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն է ստեղծում։ Այդ տեքստը իրականության արտահայտման և ընկալման առումով կարող է որոշակի տարբերվել։ Իրականում համաձայնեցված հատվածերում արդեն իսկ կա հղում Ալմաթիի հռչակագրին, այնտեղ խոսքը մի քիչ այլ բանի մասին է, որը ես հիմա չեմ ուզի մեկնաբանել։ Բարձրագույն մակարդակում Ադրբեջանից հնչել է հայտարարություն, որ իրենք հավատարիմ են Ալմաթիի հռչակագրին և Պրահայի համաձայնություններին։ Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք վերջնագծին և մնում է ստորագրել»։