Հետևեք մեզ։

Դեռևս ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը զգուշացրել է «ՁորաՀԷԿ»-ի պատճառով Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին

12:51, 29 մայիս 2024
Դեռևս ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը զգուշացրել է «ՁորաՀԷԿ»-ի պատճառով Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին

Լոռու մարզպետարանը դեռևս ապրիլի 19-ին քաղաքացիներին զգոնություն ցուցաբերելու կոչ է արել։ Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ»-ի շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:

Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»:
 
Ինչպես հայտնի է՝ երեք օր առաջ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղ է եղել, տասնյակ համայնքներ վնասներ են կրել, կան զոհեր, քանդվել են կամուրջներ ու ճանապարհներ։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն այդ ամենի հիմնական պատճառ է նշել Դեբեդ գետի վարարումը։
 
Պաշտոնական աղբյուրներում վարարման պատճառը նշվում է հորդառատ անձրևը։