Կիրանցի հատվածում ծառայություն իրականացնում են սահմանապահ զորքերը, իսկ ՀՀ ԶՈւ-ն սահմանված, նախորոշված հատվածներում կատարում է իրենց խնդիրները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաղ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հարցին՝ այսինքն արդեն դուրս են եկել, Ասրյանը ասաց․ «Զբաղեցրած դիրքերից ԶՈՒ-ն դուրս չի գալիս, այդ հարցերը ինձ մի ուղղեք։ ԶՈՒ-ն ռազմավարական խնդիրներ է լուծում։ Ամեն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ, սահմանապահ զորքերն այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրները կատարում են, իսկ բանակը չի կարող դուրս գալ»,- ասաց Ասրյանը։
Նա շեշտեց՝ այնտեղ, որտեղ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում, դա ևս բանակի պատասխանատվության գոտում է, որտեղ բանակը պատրաստ է իրականացնել պաշտպանություն։
«Այո՛, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»,- ասաց գլխավոր շտաբի պետը։
Դիտարկմանը, թե ասում էիք՝ հող չեք հանձնում, Ասրյանը արձագանքեց․ «Հող հանձնել, հող հանձնել, ինձ այդ հարցադրումը մի արեք»։
Ասրյանը վստահ է՝ այն տարածքները, որոնք սահմանազատման հետևանքով հանձնվեցին Ադրբեջանին, Հայաստանին չեն պատկանում։