«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախընտրում է քաղաքականությունից դուրս մնալ և ավելի հաճախ հանդես է գալիս հայտարարություններով, քան հարցազրույցներով: Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի շրջանակներում նա համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։
-Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում, երկիրը, բառիս բուն իմաստով, շարունակում է ցնցվել։ Վերջին զարգացումների (Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը և ներքաղաքական ցնցումները) ֆոնին ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի լուծումը:
- Այո, իրոք, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի համար հիմա բարդ ժամանակներ են։ Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները երկրում, ինչպես են գործում քաղաքական ուժերը։ Դիտում ենք, իսկ որոշումները կկայացնենք ավելի ուշ։ Հիմա չափազանց կարևոր է ակտիվորեն աշխատել, նպաստել տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, և մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, լքել իրենց հողերը։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հայրենակիցներին աջակցելը, մենք դրանով զբաղվում ենք համակարգված և շարունակելու ենք զբաղվել։
- Այդ իրավիճակն, իհարկե, ազդում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կարող է բիզնես - համայնքը բարելավել երկկողմ փոխգործակցությունը։
- Անկեղծ ասած, մենք անընդհատ զբաղվում ենք այդ հարցերով։ Այդ նպատակին է ծառայում նաև գործարար համաժողովը, որի շրջանակներում մենք համախմբել ենք Ռուսաստանում հայկական գործարար համայնքին, մեր հայրենակիցներին։ Ես հավատում եմ, որ համաժողովը կարող է դառնալ կամուրջ, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Եթե հայկական իշխանությունը ինչ-որ չափով կարող է չհասկանալ ռուսական մտածելակերպը, մենք պատրաստ ենք կողմերին օգնել ընդհանուր լեզու գտնել։ Միևնույն է, մենք համատեղ ապագա ունենք, այլ կերպ չի կարող լինել։ Ակնհայտ է, որ այսօրվա իրականության մեջ մենք չենք կարող լրջորեն ապավինել երրորդ երկրներին, երբ տնտեսական տեսանկյունից Հայաստանը ավելի քան 70 տոկոսով Ռուսաստանի հետ է կապված։
- Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:
- Ես երազում եմ ուժեղ Հայաստանի մասին։