Զոհված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, ով մի շարք կամավորական հասարակական կազմակերպություների անդամ է, և մասնակցել է «Սև ու սպիտակ» անունը կրող միջոցառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է` չեն սպանի ինձ ։
Մեկ է` չեն կարող գլխատել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանք ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի որդուս պարգևն է։
Ու թող ինձ ասեն` խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է՝ ապրելու եմ։
Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։
Ու թող աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին ։
Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։ Շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»։