«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում չեն թաքցնում սառը վերաբերմունքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, ում պաշտոնավարումը, ըստ լուրերի, մազից է կախված, եւ, ըստ այդ լուրերի, Նիկոլ Փաշինյանը մի հարմար պահի մտադիր է հեռացնել նրան: Երեկ խորհրդարանում բյուջեի անցած տարվա կատարողականը ներկայացնելու եկած նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետվությունը լսելու էին եկել մեկ ձեռքի վրա հաշված ՔՊ-ականներ:
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի ՔՊ-ականներ ուղեկցեցին դահլիճ, եւ քննարկումն էլ անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Թեեւ չի բացառվում, որ այդ ներկայացումը հատուկ վերեւներից էր կազմակերպվել` «սրբազան շարժման» քննադատության եւ ոստիկանների իրավունքների պաշտպանության նպատակով:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարի էլ կրկնօրինակեց Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ եղած ժամանակ երբեք չէր ներկայանում բյուջետային քննարկումներին: Անցյալում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հանդիսավոր ելույթ էր ունենում այն մասին, որ դա անհարգալից վերաբերմունք է թիվ մեկ քաղաքական մարմնի նկատմամբ, եւ Մարգարյանին հորդորում էր՝ հավատարիմ մնալ կանոնակարգին եւ ներկայանալ խորհրդարան։
Տիգրան Ավինյանն իր փոխարեն տեղակալ Լեւոն Հովհաննիսյանին էր խորհրդարան ուղարկել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: