Հետևեք մեզ։

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ընկերության տնօրենի և երկու աշխատակցի կողմից 526 կեղծ բժշկական պատմագրեր են կազմվել

10:24, 31 մայիս 2024
«Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ընկերության տնօրենի և երկու աշխատակցի կողմից 526 կեղծ բժշկական պատմագրեր են կազմվել
Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:
 
Դեռևս 2022թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության առանձին աշխատակիցներ սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված 20 անձանց տվյալներով կազմել են 526 կեղծ բժշկական պատմագրեր, որոնք որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայություններ, մուտքագրել են ՀՀ ԱՆ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ և պետական բյուջեից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ստացել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4․5 մլն ՀՀ դրամ գումար:
 
Վարույթի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են ՓԲ ընկերությունում պետպատվերի շրջանակներում «Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգով փոխհատուցման ներկայացված բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր այդ 20 անձանց վերաբերյալ թվով 526 դեպքերի տվյալները:
 
Համադրելով ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված վերոգրյալ անձանց սահմանահատումների վերաբերյալ տվյալների հետ, պարզվել է, որ որոշ դեպքերում անձինք առհասարակ բացակայել են ՀՀ-ից, սակայն նրանց կենսաչափական տվյալներով պետպատվերի շրջանակներում մատուցվել են բժշկական ծառայություններ:
 
Նախաքննության ընթացքում ընկերությունից առգրավվել և զննության են ենթարկվել վերոհիշյալ 20 անձանց վերաբերյալ բժշկական պատմագրերը:
Պարզվել է, որ որոշ դեպքերում էլ անձինք նշված կենտրոնում բուժում ստացել են, սակայն ոչ թե «Արմեդ» համակարգ մուտք կատարած ժամանակահատվածում, այլ՝ նույն տարվա ընթացքում՝ այլ ամիսների և օրերի:
Անհամապատասխանություններ են ի հայտ եկել նաև բուժվող անձանց պատմագրերում նշված բուժման օրերի և «Արմեդ» համակարգ մուտքագրման օրերի միջև:
 
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: