Արևմուտքը միտումնավոր ձգտում է խաթարել ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները և վարկաբեկել նրա գործունեությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն շարունակում է լարված մնալ և բնութագրվում է կազմակերպության պարագծի երկայնքով ռազմական սպառնալիքների աճով», - ասել է Բելոուսովը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, որին հայկական կողմը չի մասնակցել։
Այս պայմաններում, նշել է նա, «պահանջվում է հավաքական անվտանգության համակարգում ընդգրկված ուժերի ու միջոցների հստակ համակարգում և շարունակական կատարելագործում, ինչպես նաև որոշումների կայացման լավ գործող մեխանիզմներ»։
«Ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում առաջնահերթ դեր է խաղում արդյունավետ անվտանգության համակարգի ստեղծման գործում», - նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով, «դա հատկապես կարևոր է, քանի որ արևմտյան երկրները միտումնավոր փորձում են խաթարել դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ երկրների միջև և վարկաբեկել կազմակերպության գործունեությունը»։
«Այսօր մեր դեմ իրական տեղեկատվական պատերազմ է սանձազերծվել, տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում և ուղղակի ճնշումներ են գործադրվում»,- ասել է Բելոուսովը՝ առաջարկելով այս առումով կենտրոնանալ մի շարք առանցքային խնդիրների լուծման վրա։
Դրանց թվում նա նշել է, մասնավորապես, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման աշխատանքները։