Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը անդրադարձել է երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ԿԳՄՍ փոխնախարարի հրահանգով չեղարկվել էր Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի համերգը:
«Այն, որ հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայհոյանքներով, հեգնելով և ծայրաստիճան նսեմությամբ խոչընդոտեց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթն Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին, արդեն շատերդ գիտեք: Համերգն անցավ առանց հանդիսատեսի, հայտարարված ժամից շուտ, կրճատված ծրագրով, մասնակից մյուս երեխաների համար անտանելի մթնոլորտում:
Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ Ազնավուր հիմնադրամն էր:
ԿԳՄՍՆ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». դեռ սպասում ենք հայտարարության կատարվածի մասին:
Դե իսկ իբրև պրոդյուսեր` խոստանում եմ. հրա՜շք ՏաԼույսը շարունակելու է արարել, ստեղծագործել ու զորանալ: Էս էրեխեքի մասին դեռ շա՜տ եք լսելու` ավելի լուսավոր պատմություններով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թովմաս Առաքելյանը: