Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության շարահրապարակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված արդեն ավանդական դարձած տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՆԳՆ փրկարարական և ոստիկանության ծառայողների երեխաներ։
Կազմակերպվել էին մի շարք ժամանցային միջոցառումներ, հետաքրքրաշարժ խաղեր, մրցույթներ, կավճանկարչություն և այլն, որին իրենց մասնակցությունն ունեցան ՆԳՆ աշխատակիցների երեխաները։ Շարահրապարակում տիրում էր ուրախ տրամադրութուն․ ամենուր գույնզգույն փուչիկներ էին, ուրախություն, խինդ ու ժպիտներ։
Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև մուլտհերոսները, որոնց ուղեկցությամբ երեխաները պարեցին, երգեցին, գունավերցին ոչ միայն իրենց օրը, այլև ժպիտներ պարգևեցին ներկաներին։ Տեղի ունեցավ օճառե պղպջակներով հետաքրքիր շոու, երեխաները վայելեցին համեղ պաղպաղակներ և քաղցր բամբակներ։
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն անակնկալ էր պատրաստել երեխաների համար․ տեղի ունեցավ զարգացնող հոգեբանական ծրագիր, որի միջոցով երեխաները ծանոթացան և կատարեցին դիդակտիկ խաղեր։ Հոգեբանների աջակցությամբ փոքրիկները նկարեցին գեղեցիկ նկարներ, զբաղվեցին ավազաթերապիայով, ազատ խաղերով և գեղեցկացրեցին տոնն իրենց աշխատանքներով։
Բուժապահովման վարչության տաղավարում նույնպես հետաքրքրիր ժամանցային խաղեր էին կազմակերպվել։ Փոքրիկները զբաղվեցին նկարչությամբ, ծանոթացան առաջին օգնության պարագաներին, մեքենաներում առկա սարքավորումներին, կապեցին զվարճալի վիրակապեր, և դրանք գունազարդեցին իրենց իսկ նկարներով։
Երեխաներին հնարավորություն տրվեց նաև օգտվել գունեղ փուչիկներով զարդարված հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներից, այնուհետև ուրախ ավտոբուսով շրջեցին շարահրապարակում։
Հունիսմեկյան տոնի առթիվ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ծառայողները ևս փորձեցին հետաքրքիր դարձնել երեխաների օրը, շրջեցին բնակավայրերում՝ բաժանելով գույնզգույն փուչիկներ և հյուրասիրելով պաղպաղակներ։
Փոքրիկների օրն անցավ վառ իրադարձություններով ու բարձր տրամադրությամբ, անմոռանալի տպավորություններով, երեխաների անսահման ուրախությամբ ու ժպիտներով։