Հետևեք մեզ։

Հանրապետության հրապարակում կարգելվի մշակութային գործունեության իրականացումը

14:40, 03 հունիս 2024
Հանրապետության հրապարակում կարգելվի մշակութային գործունեության իրականացումը

 

Հանրապետության հրապարակի,  Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց  անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:

 

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:

 

Ըստ այդմ, արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.

 

Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք,

 

Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք,

 

Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:

 

Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները»,-գրել է նա: