Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀՀ փոխվարչապետի խոսքերը, ով Մինսկում մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունները կյանքի կոչելու համար»,- ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը նաև հավելել է, որ պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։