Հետևեք մեզ։

Սամվել Ծառուկյանի պարզաբանումը

10:09, 04 հունիս 2024
Սամվել Ծառուկյանի պարզաբանումը

«Հավատարիմ մնալով թափանցիկության սկզբունքին և նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացվող հարցերը, հարկ եմ համարում պարզաբանել Factor.am լրատվական կայքի «Քաղաքականություն» խորագրի ներքո զետեղված հոդվածում տեղ գտած հրապարակումը , որն առնչվում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ին և անձամբ ինձ։ Այսպիսով․ լրատվամիջոցը փորձել է բարձրացնել քաղաքացիաիրավական ու առևտրային բնույթի հարցեր, գտնել հարցերի պատասխաններ, որոնք ի սկզբանե «անհասկանալի» են՝ պայմանավորված միմյանց հետ տրամաբանական առնչություն չունենալով, ինչպես նաև իրավական կարգավորումների մասին անտեղյակությամբ։ Ամենայն հարգանքով ԶԼՄ-ների ու հատկապես այս էլեկտրոնային լրատվամիջոցի նկատմամբ, միաժամանակ փաստեմ, որ հրապարակմամբ փորձ է արվել իրար կապել իրար հետ չառնչվող հանգամանքներ: Նախ, հրապարակման հեղինակը փորձում է «դարի բացահայտումը» անել՝ հիմք ընդունելով պաշտոնյայի ազգանունը որպես ազգակցական կապը հաստատող ամենակարևոր «փաստարկ», որն էլ ավելի «հիմնավորում» է ֆեյսբուքում «ընկեր» լինելու հանգամանքով:

 

Միջին վիճակագրական օգտատերերը հինգ հազար ընկեր ունեն, և հաստատ բոլորը բոլորի ազգականը չեն, իսկ Հայաստանում Գրիգորյաններ, Պողոսյաններ, Կիրակոսյաններ ու էլի շատ նմանատիպ ազգանունով մարդիկ կան, որոնք ազգականներ չեն: Բացի այդ, նույնիսկ եթե հեղինակի ասածն ընդունենք «անհերքելի» իրողություն, այդ ո՞ր օրենքով է ազգակցական կապը արգելված նման իրավահարաբերության մեջ. վստահաբար ասեմ՝ ոչ մի: Վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները քաղաքացիական հարաբերությունների տեսակ են, ուստի, խնդրում եմ, հետաքննության փորձ կատարած հեղինակը նախ պարզաբանի՝ ի՞նչ է նկատի ունեցել «փոխկապակցված անձինք» ասելով, եթե խոսքը քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին է: Սա՝ հեղինակի իրավական անտեղյակության մասին, որին դեռ կանդրադառնամ:

 

Հիմա «բացահայտումների» մասին․ հեղինակը զարմանում է, որ հրապարակման մեջ նշված տարածքի վարձակալությամբ զբաղվող անձը գովազդի պայմաններին ծանոթանալու համար խորհուրդ է տալիս Մետրոպոլիտենի համապատասխան պաշտոնյայի հետ խոսել ու... տրամադրում է հեռախոսահամար, որը փակցված է մետրոյի գրեթե բոլոր կայարանների գովազդային վահանակներին:

 

 

Տարածքի վարձակալությամբ զբաղվող անձը, փաստորեն, ավելի աչալուրջ է, քան հետաքննության նպատակով աշխատած լրագրողը, որի աչքից «վրիպել է» սույն փաստը: Հարգելի՜ հեղինակ, գովազդի հարցով, մարքետինգային բաժինն է զբաղվում, վարձակալությամբ՝ դրա իրավունքը ձեռք բերած անձը, սա չափազանց պարզ ընթացակարգ է, և կասկածելի է, որ կարող էր վրիպել մասնագետի աչքից։

 

Ինչևէ, լրագրողը նշում է, թե ինձ հետ կապ հաստատել չի հաջողվել։ Իրականում՝ մի քանի անգամ խոսել եմ նրա հետ, պատասխանել հարցերին, բայց, ներեցեք, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ երբեմն չեմ պատասխանում զանգերին:

 

52.4 քմ տարածքի «կոռուպցիոն» բացահայտումները ծիծաղելի կլինեին, եթե հրապարակման հեղինակը իր չփաստարկված եզրահանգումները ներկայացնելիս չօգտագործեր իմ ընտանիքի անդամների լուսանկարները: Իմ զավակը կամ ծնողը այս «ստեղծագործ» պատմության հետ առնչություն չունեն, և անընդունելի է նման գործելաոճով թիրախավորել անմեղ մարդկանց: Հրապարակման հեղինակը տեղյա՞կ է արդյոք, որ Մետրոպոլիտենը ունի փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձև: Եթե տեղյակ եք, ապա ՓԲԸ մասին օրենսդրության ի՞նչ խախտումներ եք վերագրում կոնկրետ պաշտոնատար անձանց: Իսկ տեղյակ անձինք գիտեն, որ բերված փաստարկներն ու դատողությունները օրենսդրությամբ չարգելված են, ուստի մնում է ենթադրել, որ հրապարակմամբ պարզապես փորձ է արվել թիրախավորել ընկերությունում պաշտոն զբաղեցրած անձին և նրա ընտանիքի անդամներին: Ուստի, ՀՀ օրենսդրությամբ ես եւ իմ ընտանիքի անդամները կարող ենք և հաստատ կօգտվենք մեր իրավունքից՝ հայց ներկայացնելու պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով»,-պարզաբանել է Սամվել Ծառուկյանը։