Հետևեք մեզ։

Մարդիկ հավատում են «ապագա կա» կարգախոսին. Նիկոլ Փաշինյան

11:48, 18 ապրիլ 2023
Մարդիկ հավատում են «ապագա կա» կարգախոսին. Նիկոլ Փաշինյան

Ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք  ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար ապագայի մասին ոչ միայն խոսելու, այլև այդ ապագան կառուցելու և  իրագործելու համար:

 

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

«Իմ պատասխանը միանշանակ է և աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն այո, կա և ես վստահ եմ դրանում:

 

Լրահոսը նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրություն նման վստահություն չի հաղորդում, բայց հենց այսօր ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 000 բնակարանի կառուցման գործընթաց: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք բնակարանաշինությունն երբեք այսպիսի ծավալ չի ունեցել: Այսօր բնակարաններ են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլև միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել»,-ասաց վարչապետը:

 

Ըստ Փաշինյանի՝ նույնիսկ սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության պայմաններում ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում:

 

«Իմ գնահատմամբ դա նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության  խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու և արարելու հնարավորությու են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա  բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության «ապագա կա» կարգախոսին»: