«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։
Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք նրա համարի մոտ, որ չուշանա նախաճաշից, բայց հետո պարզվեց, որ նա նախաճաշի չի եկել։ Ահազանգեցինք ոստիկանություն»։ Նրա տպավորությամբ, աղջիկը, որ մենակ էր հանգստանում, ընդամենը ցանկացել է լողալ։ «Շատ նման է դժբախտ պատահարի»,- ասաց մեր զրուցակիցը։ Մնացականյանի մարմնի վրա փորձագետները բռնության հետքեր չեն հայտնաբերել։»: