Հետևեք մեզ։

Եթե ձեռք բերվեն կոմպրոմիսներ, քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների իրագործումը. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

11:58, 18 ապրիլ 2023
Եթե ձեռք բերվեն կոմպրոմիսներ, քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների իրագործումը. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Կառավարության պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի միայն մեկ արտահայտություն, դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ բոլոր 4 հարևանների հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ու քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ առավել խորացման խնդիր ունենք, ուրեմն` խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- ասաց նա։

 

Ըստ վարչապետի՝ հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի:

 

«Այս հարցն ունի երկու երես. Առաջինը, քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանով Ադրբեջանի գործողությունները գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ երկրորդը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, դրանք որքանո՞վ ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա նույնպես մեր պատասխանատվությունն է, մենք պիտի մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, և երբ նրանք դա հասկանան, նրանք նաև կընդունեն»,–ասաց Փաշինյանը և հավելեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 800 քառակուսի/կմ տարածքը և մենք որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ չունենք և չենք ունենալու:

 

«Եթե մենք այս միտքը չարձանագրենք, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ»,- ասաց նա: