Հետևեք մեզ։

Թուրքիան և Վրաստանը ԱՀԿ պահանջը Հայաստանի նկատմամբ պատշաճ ձևով չեն կատարում. Պապոյան

16:05, 04 հունիս 2024
Թուրքիան և Վրաստանը ԱՀԿ պահանջը Հայաստանի նկատմամբ պատշաճ ձևով չեն կատարում. Պապոյան

Հայաստանը landlocked երկիր է: Այսպիսիք կոչվում են այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով: Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով՝ այն երկրները, որոնք ելք ունեն դեպի ծով, և ԱՀԿ անդամ են, պարտավոր են landlocked երկրներին տալ ծովին անխոչընդոտ հասանելիություն: Ցավոք սրտի, ԱՀԿ անդամ երկու երկիր՝ Թուրքիան և Վրաստանը, այդ պահանջը Հայաստանի նկատմամբ պատշաճ ձևով չեն կատարում: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Սա մեր տնտեսական և ոչ տնտեսական դիվանագիտության հարցերից մեկը պետք է լինի, որովհետև մենք ԱՀԿ անդամ ենք, բայց այդ կետով չունենք հասանելիություն: Մենք պետք է հանգիստ հասանելիություն ունենայինք Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներ, և դրանով մեր ապրանքները հանգիստ գնային Եվրոպա, Միջին Ասիա»,- ասաց նա:

Նախարարը նաև կարծիք հայտնեց, թե ԱՀԿ-ի հետ բանակցությունների հաջորդ կարևոր կետերից մեկը պետք է լինի այն, որ պարտադրեն երկրներին` կատարել Հայաստանի հանդեպ այն պարտավորությունները, որոնք ստորագրել են: