Հետևեք մեզ։

Վայոց ձորում քաղաքացին բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջերի․ նա բարձր ձայներ է արձակել՝ մի արջը փախել է, մյուսին չի նկատել, որը վնասել է քաղաքացուն

16:50, 04 հունիս 2024
Վայոց ձորում քաղաքացին բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջերի․ նա բարձր ձայներ է արձակել՝ մի արջը փախել է, մյուսին չի նկատել, որը վնասել է քաղաքացուն

Հունիսի 4-ին՝ ժամը 08։36-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արատես գյուղի հանդամասերից մեկում, արջը վնասել է քաղաքացուն․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Պարզվել է, որ քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։

Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս՝ բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը՝ մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել, և կենդանին փախել է։ Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել, և արդեն 2-րդը վնասել է նրան։

Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։