Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում։ Այս մասին ТАСС գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին կասեցվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումների առաջարկին»,- նշել է փոխնախարարը:
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ է զբաղվում»,-ասել է նա։
Ինչպես ընդգծել է Գալուզինը, ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։