Հայաստանի հապճեպ քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով, Երևանը, թվում է, ցանկացել են «օգտվել պահից այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։
«Այնուամենայնիվ, հապճեպ որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
«Անդամակցությունը կազմակերպությանը, ինչպես նաև մեր երկրի հետ ռազմական ոլորտում սերտ կապերը վերջին տասնամյակների ընթացքում դարձել են անկախ Հայաստանի առաջընթաց զարգացման առանցքային գործոն։ Անկախ նրանից, թե ինչ են խոստանում Երևանին գնալով ավելի շատ սիրող արևմտյանները, ՀԱՊԿ-ին որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանքներ այսօր չկան»,- նշել է Գալուզինը։