Հետևեք մեզ։

Անվճար դասընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների, վիրավոր ու հաշմանդամություն ունեցող զինվորների և կամավորականների համար․ մասնակցության կարգը

15:25, 05 հունիս 2024
Անվճար դասընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների, վիրավոր ու հաշմանդամություն ունեցող զինվորների  և կամավորականների համար․ մասնակցության կարգը

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա (ՀԵՄԱ) հասարակական կազմակերպությունը վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացնում է ՏՏ դասընթացներ։ Ծրագրի մանրամասներն ու դիմելու կարգը՝ ստորև․

 

«Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 15-ից  մինչև 2025թ․-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագիրը հովանավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։

 

Ծրագրի նպատակը

 

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, որոշեցինք երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով կյանքի կոչել վերոնշյալ ծրագիրը։ Վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս աջակցելու բարձր վճարովի աշխատատեղեր գտնելու համար առաջարկում ենք հետևյալ․

Ծրագրի նկարագրությունը

 

Վերոնշյալ ծրագրով անցկացվում են

- մաթեմատիկայի,

- բարձրագույն մաթեմատիկայի,

- պիտոն (Python) լեզվով ծրագրավորման հիմունքների,

- արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine Learning),

- WEB ծրագրավորման,

- որակի ապահովման (QA ),

- տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։

 

Նախնական գիտելիքներ ՏՏ բնագավառում ծրագրի դիմորդների համար պարտադիր չեն, քանզի դժվարից դեպի հեշտ ուսումնական մեթոդով հնարավորություն է ստեղծված, որ եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցներն ընտրեն ՏՏ ոլորտի սեփական ուժերին և գիտելիքներին հարիր ավելի մատչելի մասնագիտացում, այսպես օրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրին մասնակից-անդամները տարանջատվում են երկու խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ Python ծրագիրը ուսումնասիրող և WEB ծրագրավորում սովորող հոսքերի։ 2-րդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվում է որակի ապահովման(QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 3-րդ խումբ։ Ծրագիրը 4-րդ եռամսյակի վերջին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ։

 

Վերոնշյալ բոլոր առարկաների դասերն անցկացվում են առկա և առցանց եղանակով, իսկ  ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում են ՀԵՄԱ հ/կ կողմից որակավորման վկայականներ։

 

Ծրագրին դիմելու և մասնակցելու պայմանները

 

Ծրագրին մասնակցելն անվճար է։

Ծրագրին կարող են դիմել չափահաս տարիքի անձիք։

Մասնակիցների համար չի նախատեսվում ուսանողական թոշակ։

Ծրագրին կարող են մասնակցել Արցախյան պատերազմներում կամ հայ-ադրբեջանական ընդհարումներում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորներն ու կամավորականները, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է 30 ուսման տեղ։

Ծրագրին մասնակցելու համար պետք է ներկայացնել․

 

1․ գրավոր հայտ (լրացնել սույն հայցադիմումի  ձևանմուշը)

 

2․ վիրավորում կամ հաշմանդամություն ստանալու վերաբերյալ տեղեկանք կամ այլ պաշտոնական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, հաշմանդամության կարգ և այլն)

 

3․ Արցախից բռնի տեղահանված լինելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ (տեղեկանք, նշում անձնագրում, տեղահանվածի վկայական և այլն)

 

Գրավոր ստորագրված հայտը և վերոնշյալ պահանջված փաստաթղթերը պետք է ներկայացնել հետևյալ էլ․ փոստի հասցեով․ [email protected] մինչև սույն թվականի հունիսի 10-ը։ Հարցերի դեպքում կարող եք կապվել հետևյալ բջջային համարով՝ + 37498663772

 

Դրական պատասխան ստանալուց հետո Դուք պետք է 2024թ․-ի հունիսի 15-ին, ժամը՝ 12․00-ին ներկայանաք Ագրարային Ազգային Համալսարանի շենք, հասցեն՝ ՀՀ Երևան 0009, Տերյան փողոց, թիվ 74, երկրորդ հարկ,

 

1․ մասնակցելու մաթեմատիկական տրամաբանության գրավոր թեստաշարին,

2․ ապա նույն օրը դրական արդյունք գրանցելու դեպքում (ստուգված/չստուգված)՝ կազմակերպիչ հանձնաժողովի հետ անցնելու բանավոր հարցազրույց։

Վերջնական արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի մինչև 2024թ․-ի հունիսի 18-ը գրավոր կարգով։

Հարգանքներով՝


Վարչություն՝

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ - ՀԵՄԱ
Assocation of European and Armenian Experts e.V. - AEAE
Verband der Europäischen und Armenischen Fachleute e.V. – VeuAF»։