Հունիսմեկյան միջոցառումների շարքը շարունակվում է: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք` խաղաղության իղձով:
Տոնական հանդեսից հետո կենտրոնի սաները Աննա Հակոբյանից ստացել են իրենց համար նախատեսված նվերները:
Հյուրերի շարքում էր նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Արշակյանի մայրը` Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը:
Վարչապետի տիկինը կենտրոնի տնօրեն Անգելինա Արշակյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել պայմաններին:
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնն իրակնացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխայի շուրջօրյա և 100 երեխայի ցերեկային խնամք:
Կենտրոնում գործում են նկարչաթերապիայի, տիկնիկաթերապիայի, կավագործության, հաղորդավարության, երգի ու պարի, այժմ նաև սպորտի խմբակներ: Կենտրոնի սաները ներկայացումներով հանդես են գալիս մի շարք կենտրոններում:
Կենտրոնի բակում արվեստի փոքրիկ անկյուն էր բացվել. ցուցահանդեսում ներկայացված էին սաների ձեռքի աշխատանքները` նկարներ, կավե իրեր, քանդակներ և այլն:
Անգելինա Արշակյանը ԱՆնա Հակոբյանին է ներկայացրել նաև բարեկարգված այգին, որտեղ կենտրոնի բոլոր սաներն ունեն իրենց անունով տնկված ծառեր:
Այցի ավարտին Աննա Հակոբյանը ծառ է տնկել կենտրոնի տարածքում կառուցվող պատերազմների զոհերի հիշատակի պուրակում: Աննա Հակոբյանին այդ գործում օգնել են կենտրոնի տղա սաները:
Հաջորդ կանգառը Գավառի մանկատանն էր: Այստեղ ևս տոնական մթնոլորտ էր: Մանկատան սաները երաժշտական ու պարային համարներ էին պատրաատել հյուրերի համար:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի ուղեկցությամբ շրջել է մանկատանը, ծանոթացել սաների ձեռքի աշխատանքներին, շփվել երեխաների հետ:
Մանկատան տնօրենը Աննա Հակոբյանին ուղեկցել է կացարանային մասնաշենք, ծանոթացրել սենյակային պայմաններին: Նաիրա Խանդանյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի այդ մասնաշենքը հիմնանորոգման է ենթարկվելու:
Մանկատան սաները վարչապետի տիկնոջը ցույց են տվել նաև իրենց գրադարանը, պատմել են սիրած գրքերի մասին: Աննա Հակոբյանը երեխաներին հորդորել է շատ կարդալ և լավ սովորել:
Վարչապետի տիկինը շրջել է նաև մանկատան խոհանոցում, ծանոթացել ճաշացանկին և երեխաների հետ համտեսել օրվա ճաշը` ամառային տոլմա:
Գավառի մանկատանն այս պահին խնամք է ստանում 4-18 տարեկան 69 երեխա։
Հաստատությունում գործում են կարողությունների զարգացմանն ուղղված մասնագիտական ծառայություններ, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական, արտթերապիայի, տիկնիկաթերապիայի, գորգագործության և այլն։
Երեխաներն առավելագույնս դուրս են գալիս հաստատությունից և համայնքում մասնակցում են տարբեր խմբակների՝ չզրկվելով լիարժեք ինտեգրման հնարավորությունից։
Վանաձոր քաղաքի «Սաբինե» երեխաների խնամքի կենտրոնը Աննա Հակոբյանի վերջին կանգառն էր: Վարչապետի տիկնոջն աղ ու հացով դիմավորել է 9-ամյա Նորայր Հակոբյանը, ում հետ վարչապետի տիկինը նախորդ այցի ժամանակ էր ծանոթացել ու մտերմացել:
Նորայրն ու իր ընկերներն Աննա Հակոբյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի համար կարճ շրջայց են կազմակերպել, ցույց են տվել իրենց ննջասենյակները, ժամանցի սենյակը և նաև աշխատասենյակը, որտեղ իրենք վարսավիրություն են սովորում, ձեռագործ զարդեր են պատրաստում, զբաղվում են կար ու ձևով` կարում են էկոպայուսակներ, շապիկներ, գոգնոցներ և այլն:
Կարճ շրջայցից հետո վարչապետի տիկինը երեխաների հետ կենտրոնի բացօթյա հատվածում զրուցել է նրանց հետաքրքրությունների, կրթության, ապագայի մասին:
«Սաբինե» խնամքի կենտրոնում այս պահին ծնողական խնամքից զրկված 8 երեխա է ապրում: Կենտրոնն առավելագույնը 10 երեխայի շուրջօրյա խամքի հնարավորություն ունի: Սաները կենտրոնում կարող են ապրել մինչև 18 տարեկան, որոշ բացառիկ դեպքերում մինչև 20 տարեկան: Շատ են դեպքերը, երբ կենտրոնի սաները վերադառնում են կենսաբանական ընտանիքներ, որդեգրվում են կամ տեղափոխվում խնամակալ ընտանիքներ: «Սաբինե» կենտրոնը ստեղծվել է 2018-ին, ֆինանսավորվում է «Կարիտաս Ավստրիա» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից նվերներ են հանձնվել Հանրապետության 12 մանկատների, աջակցության ու զբաղվածության կենտրոնների 1223 երեխաների: Նվերները ձեռք են բերվել վարչապետի ֆոնդի միջոցներով:
Վարչապետի տիկինն օրվա ավարտին այցելել է նաև Վանաձորում գործող Շամամ Խաչատրյանի փոքրիկ արտադրամաս-սրճարան: Շամամ Խաչատրյանը, բիզնեսը հիմնելուց երկու տարի անց, վարչապետի ֆոնդի միջոցներով, մեկնել է Փարիզ՝ վերապատրաստման, ինչը Շամամ Խաչատրյանի երազանքն է եղել: Փորձի փոխանակումը շատ բան է տվել գործարարին և անգամ ինքն է որոշ հայկական բաղադրատոմսեր սովորեցրել ֆրանսիացի գործընկերներին:
Այնուհետև Աննա Հակոբյանը շրջել է Վանաձորի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ: