Ծաղկաձորում կառուցվող «Պալլադա» համալիրի 25%-ի բաժնետեր Էդգար Ավագյանն իր բաժնեմասը փոխանցել է վրացի ընկերոջը, որը նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկերն է։ Բաժնեմասի փոխանցումը գրանցվել է մայիսի 31-ին։
«Հետքը» 2023 թ.-ի ամռանը «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերնագրով հետաքննություն էր հրապարակել։ Հոդվածում մանրամասներ էինք ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկ ճանաչված քավորի մասնակցությամբ Ծաղկաձորում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման մասին։ Այդ ժամանակ համալիրը ապօրինի էր կառուցվում. առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության` համայնքի ՔՊ–ական ղեկավարը շինթույլտվություն էր տվել կառուցապատողներին։
«Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն հիմնադրման ժամանակ` 2022 թ.-ին, 4 բաժնետեր է ունեցել։ «Ռան օիլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը, 2006-2009 թթ. Երևանի ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկեր Լևան Չիկովանին և ԱԺ նախագահի երեխայի կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, 25-ական % բաժնեմաս են ունեցել։ ՍՊԸ-ի հիմնադրումից մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իր հետ փոխկապակցված Գեղամ Կիրակոսյանին։ Հետագայում Գեղամ Կիրակոսյանը նույն բաժնեմասը փոխանցել է Երևանում գրանցված Ռուստամ Ենոքյանին։ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում վերջին փոփխությունն էլ Էդգար Ավագյանի բաժնեմասի փոխանցումն է Լևան Չիկովանիին։ Վերևում նշել ենք, որ Լևան Չիկովանին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկերն է։ Բացի այդ, Չիկովանին ընկերական հարաբերություններ ունի նաև Էդգար Ավագյանի հետ։ Վերջնարդյունքում «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ի բաժնեմասերը հետևյալ տեսքն ունեն՝ 50%-Լևան Չիկովանի, 25%-Ռոբերտ Գալուստյան և 25%-Ռուստամ Ենոքյան։
Թբիլիսիում գրանցված Լևան Չիկովանին և Հովիկ Աբրահամյանի դուստր Ռեբեկա Աբրահամյանը ևս երկու անձի հետ հանդիսանում են մեկ այլ ընկերության՝ «Միթ ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետեր (25-ական % բաժնեմասով)։
Ծաղկաձորի կենտրոնում խախտումներով կառուցվող 50 մլն դոլար արժողությամբ համալիրի վերաբերյալ մեր հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել, սակայն կարճվել է։ Ըստ դատախազության, նկատի ունենալով, որ շինարարության թույլտվությունը տալուց հետո ստացվել են փորձաքննությունների դրական եզրակացությունները՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին հսկող դատախազը որոշել է Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ հաշվի առնելով, որ «նկարագրված գործողությունների արդյունքում տեղի չի ունեցել մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարում, իշխանության մարմինների հեղինակազրկում կամ նրանց գործունեության խաթարում»: 2023 թվականի դեկտեմբերի 13-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից:
Քրեական վարույթով անդրադարձ չի կատարվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ենթադրյալ հովանավորչության դրվագին։