Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այս մասին Բաքվում լույս տեսնող «Утро» ռուսալեզու ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շարունակական գործընթացին, կարծում ենք, որ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխադարձաբար ընդունելի», - ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։ «Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- նշել է դեսպանը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ Եվդոկիմովն ասել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։ «Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», - եզրափակել է նա: