Հետևեք մեզ։

Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել. ԵՄ դեսպան

15:27, 06 հունիս 2024
Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել. ԵՄ դեսպան

«Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն բարձր է գնահատել մասնակից պետությունների կառավարությունների հանձնառությունը կառավարման բարեփոխումների նկատմամբ և այս համատեքստում ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

«Իրականում դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը Հայաստանում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է: Ուստի ես կցանկանայի առաջին հերթին ողջունել իշխանության հանձնառությունը, բայց ևս մեկ անգամ շեշտել համատեղ հավատարմությունը մեզ միավորող այս արժեքներին»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը:

 

Անդրադառնալով միջոցառման կարևորությանը, ԵՄ դեսպանը նշել է. «Սա իսկապես նշանակալից հիմնաքար է, շատ կարևոր իրադարձություն, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի հանձնառությունը, բայց նաև ողջունել Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, բաց կառավարմանը: Սա դժվար է, բայց կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա։ Սա այն է, ինչը մեզ միավորում է և մենք գտնում ենք ընդհանուր հարթակ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը»:

 

ԵՄ դեսպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և կառավարության միջև երկխոսությունը, ընդգծել տեղական կառավարման և ապակենտրոնացման ուղղված կառավարությունների ջանքերը: Այս համատեքստում Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: «Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել»,- ասել է ԵՄ դեսպանը և հավելել, որ բոլոր ռեսուրսները միավորվել են՝ ԵՄ-ի և այլ դոնորների ներդրումներն ուժեղացնելու համար: