Հետևեք մեզ։

«Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածը և դահլիճը կվերանորոգվի

15:59, 06 հունիս 2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածը և դահլիճը կվերանորոգվի

Կառավարությունը 122,992.8 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:

 

Ըստ հիմնավորման՝ համերգասրահում համերգների և մշակութային իրադարձությունների այլընտրանքային վայր ունենալու նպատակով նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային և կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով և այլն։ Համերգասրահի աջ կողմում գտնվող աստիճանավանդակը նույնպես ունի նորոգման կարիք։

 

Նախատեսվում է նաև նորոգել համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների և սանհանգույցների նորոգման, ինչպես նաև տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման, ինչը թույլ կտա հետագայում ոչ միայն անվանի արտիստներին, այլև երգչախմբերին և այլ մեծ կոլեկտիվներին հավուր պատշաճի ապահովել համապատասխան հանդերձարաններով։

 

Համալիր այս աշխատանքների շրջանակում նախատեսվում է նորոգել նաև համերգասրահի 1-ին և 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաև դահլիճում կատարել թատերահարթակի և պարտերի ընթացիկ նորոգման և ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման և կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։