«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Մեր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Ըստ այդմ՝ առաջարկում եմ հանել այն բոլոր կարգավորումները, որոնք վերաբերվում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին»,- ասաց պատգամավորը։
Բաքոյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել լրջագույն խնդիրներ, և ամուսնության տարիքային շեմը պետք է փոխվի։
«Եթե ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանենք 18 տարեկանը՝ առանց բացառությունների, և օրենքին խիստ հետևենք, ապա վաղ ամուսնությունները բացառվելու են և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները կարող են նվազել, առավելագույն դեպքում մենք դրանք կարող ենք բացառել»,-եզրափակեց Բաքոյանը։
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։