Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեն պետք է ճշգրտվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի որոշել է ձեռնպահ մնալ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։
«Բնականաբար, հաշվի առնելով գնահատված ներդրումը կատարելուց Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն այժմ գտնվում է մշակման փուլում։
Այդուհանդերձ, հաղորդվում է, որ անդամ պետությունների կողմից կատարվող վճարումների վերաբաշխման մասին խոսք չի գնում։
«Որոշ հատկանիշներով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց առաջին հերթին Երևանի կողմից իր աշխատակիցների հետ կանչման կամ համապատասխան կառույցներում քվոտային պաշտոնների չնշանակելու հաշվին»,- պարզաբանել են ԱԳՆ-ում։
Նշվում է նաև, որ աշխատանքները կշարունակվեն սովորականի պես, և ինչ-որ տեղ ՀԱՊԿ քարտուղարությունը կօգտագործի առկա պահուստները։
ՌԴ գերատեսչությունը հավելել է, որ Երևանը նախկինում ևս ունեցել է բյուջեի վճարումների պարտքեր․ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման խնդիրները լուծվում էին պահուստների հաշվին, և «պարտապանը» հետագայում մարում էր պարտքը։
«Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ում 2024 թվականին որոշված է եղել 53,22 մլն ռուբլու չափով։